National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2022
2023 թ. պետբյուջեի քննարկմանն արտահերթ ելույթներ են ունեցել Կառավարության անդամները, ներկայացվել է «Հայաստան» խմբակցության տեսակետը
1 / 8

ՀՀ 2023 թ. պետական բյուջեն հիմնված է 4 առաջնահերթությունների վրա՝ անվտանգային համակարգ, ենթակառուցվածքներ, սոցիալական աջակցության համակարգ, կրթության եւ գիտության արդիականացում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 16-ին ՀՀ 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ:

Փոխվարչապետն իր ելույթում անդրադարձել է հիմնական բարեփոխումներին, որոնք իրականացվում են ծախսային եւ եկամտային քաղաքականության ոլորտում միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցության շրջանակում: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ իրականացվող ծրագրերն առաջին հերթին ոչ թե ֆինանսավորում ներգրավելու նպատակ են հետապնդում, այլ խթանում են կառուցվածքային ինստիտուցիոնալ բարեփոխումները եւ բարելավում են եկամուտների եւ ծախսերի արդյունավետությունը ՀՀ կառավարության ծրագրով որպես առաջնահերթություն սահմանված ուղղություններով:

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է միջազգային զարգացման գործընկերների հետ հընթացս տարվող աշխատանքները, մասնավորապես, կնքված կամ կնքման փուլում գտնվող համակարգային ծրագրերի շրջանակներում նախատեսված առանցքային ռեֆորմները, որոնք ուղղակի ազդեցություն կունենան բյուջետային գործընթացի եւ 2023 թ. բյուջեի կատարման վրա:

«Կառավարության համար առանցքային նշանակություն ունի ՀՀ բոլոր բնակավայրերի համաչափ եւ կայուն զարգացումը: Այս նպատակով տարածքային զարգացման ծրագրի գծով 2023 թ. նախատեսվում է հատկացնել ավելի քան 99 միլիարդ դրամ»,- իր ելույթում նշել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը:

Փոխվարչապետի փոխանցմամբ 2023 թ. շարունակվելու է համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացը: 2023 թ. նախատեսվում է 22 միլիարդ դրամ սուբվենցիա հատկացնել համայնքներին՝ համաֆինանսավորելու սուբվենցիոն ծրագրերի ընհանուր արժեքի 30-80 տոկոսը:

Համբարձում Մաթեւոսյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ սկսվել է 2023 թ. սուբվենցիոն ծրագրերի հավաքագրման գործընթացը, որի արդյունքում համայնքներից ստացվել է 459 սուբվենցիաների նախնական հայտ՝ 112.7 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով:

Արտահերթ ելույթում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2023 թ. բյուջեով սոցիալական բնագավառի ծախսերի համար նախատեսվել է 648.5 մլրդ դրամ, 68.7 մլրդ դրամով ավելի, քան նախորդ տարի: Անդրադառնալով ժողովրդագրական վիճակի բարելավում ծրագրում նախատեսվող փոփոխություններին ու բարելավումներին՝ նախարարը նշել է, որ դրանք համապատասխանում են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրին:

«ՀՀ 2023 թ. բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համար նախատեսվել է 250 մլրդ 30 մլն դրամ, որը 23,5 մլրդ դրամով ավելի է 2022 թ. հաստատված բյուջեից»,- նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման  ժամանակ: Նախարարն անդրադարձել է գիտության ոլորտում նախատեսված ծրագրային միջոցառումներին, մշակույթի եւ սպորտի ոլորտներում իրականացվելիք աշխատանքներին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ շարունակելու են Կառավարության ծրագրով նախանշված ոլորտի բարեփոխմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը՝ ուշադրությունը սեւեռելով երեք առաջնահերթությունների վրա՝ առողջության առաջնային օղակի վերափոխում, բժշկական օգնության որակի բարելավում եւ ծառայությունների հասանելիության բարձրացում: Բյուջեն կկազմի 146.4 մլրդ դրամ: 2023 թ. բյուջեն 2021 թ. ճշտված բյուջեից ավելի է 21.5 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերը կկազմեն 134.7 մլրդ դրամ, կապիտալ ծախսերը՝ 11.7 մլրդ դրամ:

2023 թ. համար Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվելու է 334.6 մլրդ դրամ, դրանից միայն 203 մլրդ դրամը կամ 61 տոկոսը կապիտալ ծրագրերն են: 298 մլրդ դրամ միայն ծախսային մասով է նախատեսված. այս թիվը 24.4 մլրդով գերազանցում է 2022 թ. ցուցանիշը. այս մասին հայտնել է նախարար Գնել Սանոսյանը:

2023 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումն իր ելույթում ներկայացրել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա անդրադարձել է 2023 թ. պետական բյուջեի նախագծի ծախսային հոդվածներին եւ դրանց առաջնահերթություններին՝ քննադատելով Կառավարության քաղաքականությունն այդ հարցում: Պատգամավորը նաեւ խոսել է սպառողական ապրանքների գնաճից եւ տնտեսական աճից: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրված «տնտեսական բումը» պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ժամանակավորապես  Հայաստան ժամանած տասնյակ հազարավոր ռուս քաղաքացիների  աշխատանքով, եւ ոչ թե Կառավարության տնտեսական քաղաքականությամբ:

«Հայաստան» դաշինքի համար 2023 թ. պետական բյուջեն իրատեսական չէ, եւ, ըստ այդմ, անընդունելի է»,- ելույթն ամփոփելով՝ շեշտել է պատգամավորը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am